Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒլնոց

ՈՒլնոց
12.09.2008 | 00:00

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՂԱՎԱՐ. ԽԱՉՎԵՐԱՑ
Մեր ժողովուրդն այսպիսի ավանդույթ ունի. Խաչվերացի տոնին (Մեռելոցի օրը, որը մեծ տոնի հաջորդ օրն է՝ երկուշաբթի) մահացած մերձավորների համար ուլեր են մատաղում: Ննջեցյալի հիշատակին եկող հարազատներից առավել մերձավորներն իրենց հետ ուլ են բերում: ՈՒլերը զոհաբերում են, խորովում ու բաժանում ժողովրդին:
Առաջին հայացքից սա Հին կտակարանից մնացած ավանդույթ է հիշեցնում, բայց այս խորհուրդը Նոր կտակարանի մեջ ևս իր տեղն ունի Տիրոջ այն Խոսքի համեմատ, թե. «Ես չեկա օրենքն ու մարգարեներին ջնջելու, այլ լրացնելու» (այսինքն թե՝ կատարելությունը թեպետ իրենով է, բայց դրան ոչ թե միանգամից են հասնում, այլ քայլ առ քայլ՝ ճանաչողությամբ։ ՈՒստի օրենքի դայակությունն ուղեկից է մնում մինչև Քրիստոս-Զոհի ճանաչողություն)։ Իսկ թե ինչու ոչ թե գառ, այլ ուլ են մատաղում ննջեցյալի հոգու համար, այդ այն իմաստնությունից է գալիս, թե ննջեցյալը մեղավոր մարդ լինելով՝ այծային հակառակություններ ունեցած կլինի Աստծո առջև, իսկ ուլը դեռ սեռային ցանկականից հեռու լինելով, սուրբ է, քան այծը: Նոր կտակարանով նման ողորմածության զոհերի արգելակ չկա, այլ կա նման զոհ-ընծաները քրիստոնեաբար, մաքուր սրտով կատարելու բանալի. «Եթե զոհասեղանի վրա քո ընծան մատուցես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան (զոհը- հեղ.) թող սեղանի առաջ և գնա նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր»,- ուսուցանում է Հիսուսը։ Բնականաբար, նման մատաղներ անելն աղքատների համար չէ, և անգամ երբևէ պարտադիր չի էլ եղել բարեպաշտ քրիստոնյայի համար, որ հաճախ դժվար բեռ է լինում, մանավանդ երբ ննջեցյալի մերձավորներն աղքատ են: Որովհետև մատաղով ողորմածությունը քրիստոնեությամբ միայն կենդանիներին չէ, որ վերաբերում է, կարելի է քահանային հաց օրհնել տալ ու բաժանել կամ բարի գործեր անել, կամ թեկուզ միայն, որ ամենակարևորն է, ի սրտե աղոթել, պահեցողություն անել:
Տաղավար տոների հաջորդ օրն իսկ Մեռելոց է, և եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում ննջեցյալների համար: Հավատացյալներն իրենց ննջեցյալի կամ ննջեցյալների անունները գրում ու դնում են հիշատակման սեղանին: Քահանան կարդում, հիշատակում է ննջեցյալների անուններն Աստծո առաջ` նրանց համար տրվող պատարագի միջնորդությամբ: Եվ սա ամենագերազանցն է, քանի որ առավել մեծ զոհ, քան Քրիստոսի Զոհագործումն է թե՛ ապրողների, թե՛ ննջեցյալների խաղաղության համար, չկա Աստծո առաջ և ողջ Տիեզերքում:
Իսկ ուլնոցի մորթերը կուռքերին զոհած այն կենդանիները չեն, որոնց մասին զգուշացնում են սուրբ առաքյալները: Զգուշացումը հեթանոսությունից նոր դարձի եկած քրիստոնյաներին էր վերաբերում, ովքեր իրենց հեթանոս եղած ժամանակ սովոր էին սնոտի կուռքերին կենդանիներ զոհել, և դևերն էլ իրենց կորստական մթնոլորտն էին այդժամ տարածում նման սեղաններին, և այդ զոհի մսից ուտողներից նրանք, որ խղճմտանքից տկար էին, հարաբերվում էին դիվական ուժերին ու ընկնում հոգևոր անկման մեջ: Կուռքերին արված զոհերի վտանգի մասին բացատրություններ ունի Պողոս սուրբ առաքյալը, և Գործք առաքելոցում ևս առանձին զգուշացում կա այդ մասին: Պողոս առաքյալն ասում է` նման դեպքում ուտելիքը չէ, որ վնասում է, այլ այդ մարդու տկարությունը, որ կարող է դևերի ներկայությունը չհաղթահարել ու ընկնել: Առաքյալը կոչում է մեծ զգուշության:
Իսկ ուլնոցի մատաղները, թվում է, արդար են, Աստվածաշնչյան և ողորմածություն են աղքատներին, որ նրանք իրենց աղոթքներում հիշեն ննջեցյալին: Սրանք հեթանոսական զոհերի հետ ամենևին կապ չեն ունեցել և չունեն, եթե կեղծավորաբար չեն արվում, այլ Տիրոջ զգուշացրած հաշտության բանալիով, որ հիշատակեցինք:
Այս ավանդույթի մեջ միագումարվում են Խաչելությամբ փրկության հավատը, հույսն ու կենդանիների մորթով ողորմածությունը: Հինն ու Նորն այստեղ, թվում է, միատեղվում են: Սրանք ասես նաև անխոնարհ սրտով արված այն մատաղները չեն, որոնց մասին Աստված մարգարեություններում և սաղմոսներում ասաց, թե՝ «զզվում եմ ձեր կատարած զոհերից, որովհետև Ես ձեր կոտրված, խոնարհված սրտերն եմ որոնում և ոչ թե կենդանիների՝ ձեր կատարած զոհերը: Եվ ձեր շրթի զոհերն ավելին են ինձ համար, որ ձեր մեղքերից դարձն է, խոստովանությունը, սրտանց աղոթքը»: Այսինքն՝ Հին կտակարանի ժամանակ մարդն օրենքի զոհերը կատարում, բայց սրտանց չէր փոխվում, մնում էր սրտով չզիջող, անընկերասեր, անմարդասեր, իր կատարած զոհով հպարտացած: Այդպես իսկ տհաճություն ու զզվանք պատճառելով Աստծուն: Այս նկատի առնելով` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» շրթի զոհ, բանական մարդու զոհ է, աղոթքը՝ որպես կենդանագիր ընծա-մատաղ և բոլոր ժամանակների մեջ ի սրտե խոսող, անմահ զոհաբերում. «Ընդունիր հյուսվածքն այս աղիողորմ հեծեծանքներիս և այս բանական նվերն հոտոտիր, որպես անարյուն զոհաբերություն»:
Դավիթ մարգարեն իր 51-րդ սաղմոսում նույնպես նշելով, թե «Տերը զոհ անել չի որոնում, այլ մարդու խոնարհված սիրտը՝ իր առջև», թե՝ ոչ միայն օրենքի կատարումը հաճախ հպարտացնում է կատարողին, իսկ հպարտացումը արգելում, կասեցնում է հպարտացողին ստվերային արդարությունից ավելին լինել կամ իր մեղքերի համար կուրծք ծեծել: Երբ զոհերը Աստծո գերագույն մարդասիրության առջև խոնարհվելու համար են, Տիրոջ առջև մարդն իր անզորությունը խոստովանելու համար է: Ապա Դավիթ մարգարեն ավելացնում է, թե «Երբ Երուսաղեմի պարիսպները կառուցվեն, այնժամ արդեն կրկին հաճելի կլինեն մատաղներն Աստծո առջև»: Ի վերջո, այդ զոհերը Աստված ինքն էր կարգադրել փորձություններից ազատվելու, քավության, կյանքի համար: Սակայն նախ մարդ եղիր, ապա զոհերդ (ընծաներդ- հեղ.) արա, խրատեց Քրիստոսը. «Գնա նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր»։ Սրանով ևս հաստատելով իր նախկին խոսքը, թե «Զոհերից նախը, սկիզբը և առավելը մարդու Աստվածասեր և ընկերասեր լինելն է»:
Այսինքն` մեր առաքելական եկեղեցում ընդունված ուլնոցի նման հանուն կարեկցության, ողորմածության և մարդասիրության մատաղները չեն մերժվում Աստծուց, սակայն կատարման արժանավոր զգուշություն են պահանջում: Իսկ չեն մերժվում, քանի որ, մարգարեի ասած, «Երուսաղեմի պարիսպները» խորհրդանշորեն «կառուցվեցին» Աստծո Որդու Խաչելությամբ, որի նպատակն էր մարդու սիրտն ապաշխարությամբ խոնարհեցնել Աստծո առաջ: Նրան իր ընկած տեղից բարձրացնել, արժանավոր դարձնել: Իսկ խոնարհի կատարած զոհը առանց կեղծավորության է լինում, ինչպես Աբելի արած զոհը, ինչպես Նոյ Նահապետի արած զոհը, ինչպես Հոբ Երանելու, Աբրահամ Նահապետի արած զոհերը, որովհետև այս զոհ անողների արմատական հիմքը հավատն էր, որ Աստված հավատով է արդարացնում: Քրիստոս դեռ աշխարհ չեկած՝ այս երանելի մարդիկ հավատով տեսնում, լսում էին Նրան և Նրա սիրելիներն էին: Այսինքն՝ մեղավորի փրկության գերազանցն այսօր Գերագույն Զոհին` Աստծո կատարած Զոհին` Քրիստոսի Խաչելությանը հավատալով է, որ Քրիստոսը մեզ համար ևս Խաչվեց, որ մեզ ևս ազատի մեղքերի հորձանքին կուլ գնալուց: Ապա հավատով արդարացվածի թե՛ բանական, թե՛ նյութական մատաղները (ընծաները-հեղ.) ընդունելի կլինեն Աստծուն, որ ոչ միայն կենդանիների մատաղներին է վերաբերում, այլ այդ մատաղների արմատական սկիզբը, հիմքը, կարևորը «Իրավունքի և արդարության պահպանումն է և սուրբ սրտով սերը» քո մերձավորին ուղղված, քո երկրում, քո շրջապատում, աշխարհում: Մարկոսի Ավետարանում կարդում ենք. «Եվ օրենսգետը նրան ասաց. «Աստված մեկ է և բացի նրանից ուրիշ Աստված չկա, և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպես և ընկերոջն անձի պես սիրելը առավել է, քան ողջակեզերն ու զոհերը»: Եվ Հիսուս տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծո արքայությունից»: Որովհետև բանական սիրո մեջ է, որ մարդն Աստծո հետ լինում է մեկ ու միաբան: Իսկ բանական սիրո հենարանը Աստծո Որդին է, և Նրան ընդունելու կամ չընդունելու չափից է կախված մարդկության ընթացքը` տարերային աղետներից սկսած մինչև Քրիստոսի Խաչելությունից ճառագայթող փրկավետ Լույսը: Աստվածաշնչյան մարգարեությունների բառացի իրականացումներն այդ են շեփորում:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6346

Մեկնաբանություններ